Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում: ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով` գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ: «Սարգսյանը համարում է, որ հռչակագիրը հրաշալի փաստաթուղթ է և արտահայտում է համայն հայության կամքը: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հռչակագիրը Հայաստանի և Ղարաբաղի համար վտանգներով հղի փաստաթուղթ է, և որ առանց հանրաքվեի այն չի կարող արտահայտել համայն հայության կամքը: Մնացյալը հասարակության ու սերունդների դատելիքն է,- գրել է Մուսինյանը՝ հավելելով.- Ըստ այդմ, քանի որ բանավեճը հրապարակային է, Տեր-Պետրոսյանն այլևս Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում»:
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին՝ չհիմնավորված համարելով նրա պնդումները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ և միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով առանձնազրույց ունենալ նրա հետ այս հարցի շուրջ։ «Շնորհակալ եմ սույն թվականի փետրվարի 17-ին ինձ հասցեագրված բաց նամակում արտահայտած Ձեր մտահոգության համար: Միանգամից ասեմ, որ կտրականապես մերժում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Ձեր որակումները: Մերժում եմ ոչ միայն այն պատճառով, որ այն անկախությունից ի վեր ընդունված առաջին փաստաթուղթն է, որը հեղինակվել է հայությունը ներկայացնող գրեթե բոլոր կառույցների և համայնքների ներկայացուցիչների կողմից՝ իսկապես դառնալով ազգային միասնականության յուրօրինակ խորհրդանիշ, այլև որ դրա մշակման գործընթացի մասնակիցների թվում բազմաթիվ են փաստաթղթում խաչվող ոլորտների լրջագույն մասնագետները աշխարհի բոլոր ծայրերից, մարդիկ, որոնց պրոֆեսիոնալիզմին ես վստահում եմ: ՈՒստի ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կամ միջազգային իրավական փաստաթղթերի հետ հռչակագրի՝ հնարավոր հակասությունների և նման այլ հարցերի վերաբերյալ Ձեր ակնարկները հիմնավորված համարել չեմ կարող»,- ասված է Սարգսյանի նամակում։
Տեր-Պետրոսյանը, նախքան իր բաց նամակը հրապարակելը, քննադատել էր Ցեղասպանության համահայկական հռչակագիրը՝ որակելով քաղաքական առումով եթե ոչ անպայման վտանգավոր, առնվազն անպտուղ մի փաստաթուղթ, որի պատճառով «Հայաստանը ոչ միայն չի շահի միջազգային հանրության համակրանքը, այլև կկորցնի անգամ բարեկամ պետությունների աջակցությունը»։
Իսկ փետրվարի 17-ի բաց նամակում Հայաստանի առաջին նախագահը, միայն մտահոգություն արտահայտելը բավարար չհամարելով, պատրաստակամություն էր հայտնել նաև Սերժ Սարգսյանի հետ դեմ առ դեմ հանդիպել՝ «նրա նախընտրած ժամկետներում և պայմաններում՝ այդ խնդրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով»: